ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Ո՛վ մեղավոր, իմացիր, որ այժմ քաղցրությամբ կանչում եմ քեզ ապաշխարության, և դու չես լսում ինձ. զգուշացիր, թերևս մեռնես առանց զղջալու»

«Ո՛վ մեղավոր, իմացիր, որ այժմ քաղցրությամբ  կանչում եմ քեզ ապաշխարության, և դու չես լսում ինձ. զգուշացիր, թերևս մեռնես առանց զղջալու»
29.10.2013 | 10:30

Պարոնայք իշխանավորներ
Քանի դեռ ուշ չէ, սթափվե՛ք և անցողիկ այս աշխարհի հաճույքների, տենչանքների ու իշխանատենչ մոլուցքների մուժ-մշուշը վանեք ձեզնից։ Թոթափե՛ք ձեր վրայից սին հույսերն ու պատրանքները, ինքնակործան դեգերումներն օտարածին ու մերժելի իզմերի միջև, բդեշխական գորշությունն ու գորշությունը ցուցադրական խաչակնքումների։ Արթնացե՛ք այդ մահաբեր, աղտեղածին նինջ կոչվածից, որ կուրացրել է ձեր բոլորի սիրտն ու հոգին։ Մի պահ բացեք ձեր աչքերը, նայեք ձեր շուրջը, նայեք մարդկանց ու նայեք ձեզ, ուժ տվեք ձեր բթացած բանականությանը և մտաբերեք, որ բոլորս էլ մի կավանյութ շինվածքից ենք՝ Տիրոջ ձեռամբ ստեղծված, Տիրոջ պատկերով և նմանությամբ արարված։ Հասկացեք, որ որպես Աստծո պատկերով ստեղծված բանական էակներ, լինելով Նրա ներկայացուցիչներն աշխարհի վրա, կոչված ենք նաև խնամելու, պահպանելու և զարգացնելու Նրա Երկիրը, Նրա ազգը զորացնելու ու սիրելու, հայրենիքն ու բնօրրանը սրբացնելու, ցուցաբերելու բացառիկ հոգատարություն Նրա երկրի ու ժողովրդի և հարգանքն ու փառքը Արարչի հանդեպ։ Մի՞թե չեք լսել, թե ինչ ասաց մեր Տեր Հիսուսը. «Եսայի մարգարեն ճիշտ է մարգարեացել ձեր՝ կեղծավորներիդ մասին՝ ասելով. «Այս ժողովուրդն ինձ մեծարում է լոկ շրթունքներով, մինչ նրանց սիրտը շատ հեռու է ինձնից, նրանք զուր են պաշտում ինձ, քանզի իրենց ուսուցումները մարդկանց կողմից տրված պատվիրաններ են»։ Արդարև, դուք թողել եք Աստծու պատվիրանը և մարդկանց ավանդույթն եք պահում։ Ձեր ավանդույթը պահելու համար լա՛վ եք գտել Աստծու պատվիրանն անարգելու ձևը» (Մարկոս. 7)։ Հավատացե՛ք, երբ որ մենք փոխում ենք աշխարհն ըստ Տիրոջ ուսմունքի, նրա օրենքների ու պատվիրանների, հնարավորություն ենք ստանում Աստծուն փառավորելու, դարձնելով Նրա աշխարհն ավելի նման իր նախասահմանած տեսքին։ Մենք պարտավոր ենք մեզ վրա կրելու Աստծո շնորհած հրաշալի պատասխանատվությունը, օգնելու, օժանդակելու, սիրելու և խոնարհաբար ծառայելու Իր ժողովրդի ու Իր երկրի վերականգնման, վերածնման սրբագույն առաքելությանը, այնպես, ինչպես Տիրոջ կամքն է թելադրում։
Բարձրյալ Տիրոջ գոյության, նրա անճառելի բնության և բացարձակ բարոյական օրենքների ուսմունքը տրված է համայն մարդկությանը բոլոր ժամանակների և բոլոր քաղաքակրթությունների ժամանակաշրջանում։ Ինչը պարզորոշ երևում է Տիեզերական, բնության, Աստծո պատմական գործերի, Նրա անիմանալի դրսևորումների, անչափելի զորությունների և մարդկային այն խորհրդավոր զգացողությունների միջոցով, որ Աստված ի սկզբանե իր շնչով դրել է յուրաքանչյուր բանական էակի մեջ։ Աստված տվել է մեզ հատուկ առաջնորդություն ինչպես ամենօրյա, նույնպես էլ հետագա իրավիճակների համար, այն ապահովում է մեզ ամենայն անհրաժեշտ առաջնորդություն բարության, սիրո, խոհականության, Աստծուն հաճելի գործերի համար։ Մարդը, որպես Տիրոջ ստեղծագործությունների պսակ, պիտի փառավորի Նրան։ Այս ճշմարտությունը ձեզ կարող է թվալ անիմաստ և դատարկ, եթե չփորձեք ըմբռնել դրա խոհափիլիսոփայական էությունն ու բնույթը, ինչն արտացոլվում է Տիրոջը որպես կյանքի նպատակ մեծագույն պատվի և փառքի արժանացնելով։ Ֆիզիկական դաշտում դրա կիրառումը մարդկային բնությանը հաղորդում է ձգտում դեպի կյանքը, որպես տրադիցիոնալ ձգտում դեպի Տերը, և կյանքը ստանում է բացարձակ իմաստավորում։
Նրանք, ովքեր հեռացել են Աստծուց և զրկվել են հավատի լույսից, ողջ ասվածը դիտարկում են նյութական և առարկայականացված տեսանկյունից՝ հիմնվելով գիտական դոգմաների վրա, ուստի և ստացած բանաձևումներն աստվածային չեն, հետևաբար նրանց հավատը կեղծ է, շինծու և ցուցամոլական։ Պողոս առաքյալն ասում է. «Նրանք Աստծո ճշմարտությունը առատության հետ փոխեցին» (Հռոմ. 1։6)։
Եվ ինչ եք դո՛ւք, ստի և կեղծիքի, շնության ու բազում մեղքերի մեջ բանտված հասարակության մեջ սոցիալական տարբեր դիրքեր զբաղեցրած, տարբեր տարիքի ու սեռի ամբարիշտներդ, բոլորդ էլ ձեր իսկ ստեղծած պատրանքների մեջ մեկդ մեկիցդ հպարտ, մեկդ մեկիցդ գերակա, ամբարտավան, գեներալ ու թագավոր։ Մինչդեռ ընդամենը մի գորշ ստվեր եք ու մեղքից ծնված։ Եվ ամեն անգամ լույս աշխարհ եք գալիս որպես մի ստվեր և ստվերի պես էլ հեռանում եք՝ լուծվելով անհունի թանձր գորշությանը, խավարին ու մթին։ ՈՒ ձեր պատրանքային ողջ գոյության կռվում չեք հանդուրժում ձեր ստվերի ստվերացումը, մեկ ուրիշի գորշությունը ստվերելով։ Հնարել եք դուք ձեզ համար կյանքի ձևեր, կեղծ արժեքներ, օրենք ու դատ, որքան ասես գաղափարներ բութ ու ունայն և հայտնվել եք ձեր իսկ ձեռամբ ստեղծված այս գորշ լաբիրինթոսում և դատապարտվել աննկարագրելի պատուհասների։ Դո՛ւք կուրացել եք ձեր հարստության առատությունից, կուրացրել եք նաև աղքատներին ձեր հարստության շլացոլքով։ Եվ միայն մահվան ժամին է, երբ մեղավորներդ՝ թագավոր, նախարար, չարչի և անգամ հզոր սպարապետ ու հաղթական զորավար, ամբողջովին համակվում եք աննկարագրելի սարսափով, դեռ բաբախող սրտներդ դողդոջում են ահից, ինչպես տերևը քամուց։ Եվ միայն այդ պահին եք զատորոշում ձեր իսկ ստեղծած քաղաքակրթական զավեշտալի պատրանքները բացարձակ ճշմարտությունից, երբ հանկարծակիորեն ձեր կուրացած աչքերը լայն բացելով տեսնում եք ահեղ զորությունները երկնային, նոր և զարհուրելի երևույթներն իրենց ահեղ իշխանությամբ։ Հասկանում եք, որ դատաստանի ժամը մոտ է, մահ կոչվածն այստեղ չկա և որ այստեղ հավիտենական անմահություն է, և որ ողորմելի մարդուս փրկությունը ոչ թե երկնքում է, այլ երկրի վրա՝ ամենագութ ու ամենամարդասեր Տիրոջ տված ուսմունքի, օրենքների ու պատվիրանների կատարման մեջ։ Սակայն արդեն ուշ է, մահվան դատապարտվածն անցնում է տրանսցենդենտալ տարածք, ուր մեծն չաստվածություն փողը, ոսկին, իշխանությունն ու հզոր բանակը ոչինչ են։ Այստեղ անհուն խավարի մեջ սարսռում են անդադար ծվատող որդերից, որոնց պատճառած ցավն ու նողկանքը վախճան չունեն։ Սարսափում են ահեղազոր հրեշտակներից, որոնք մասնակից են լինելու դատաստանի, և դողում են վերջ չունեցող պատիժներից։ «Արդար Դատավորը չի պահանջի ոչ ամբաստանողների, ոչ վկաների, կարիք չի ունենա կողմնակի ցուցմունքների կամ հանցանշանների, այդ բոլորը, ինչ որ մենք արել ենք, ինչի մասին խոսել ենք, ինչի մասին մտածել ենք, այդ ամենն ի հայտ կբերի մեր՝ մեղավորներիս աչքերի առջև։ Այնժամ ոչ ոք չի բարեխոսի մեզ համար, ոչ ոք չի ազատի տանջանքներից, ո՛չ հայրը, ո՛չ մայրը, ո՛չ աղջիկը, ո՛չ բարեկամներից որևէ մեկը, ո՛չ հարևանը, ո՛չ ընկերը, ո՛չ բարեգործը։ Եվ ոչինչը չի ազատի՝ ո՛չ ինչքերի բաժանումը, ո՛չ մեծ հարստությունը, ո՛չ կարողության հպարտությունը։ Այս բոլորը որպես հող հողին պիտի դառնա։ Եվ դատապարտյալը միայնակ պիտի սպասի դատավճռին, որը, ըստ գործերի, կա՛մ կազատի իրեն պատժից, կա՛մ կդատապարտի հավիտենական տանջանքների» (Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի)։ Եվ միայն այս ժամանակ կարող կլինեք գիտակցելու, որ ձեր աշխարհիկ բոլոր գործերն ու մոլուցքները սին էին և ունայն, և ձեզ հետ ոչինչ չեք բերել՝ ո՛չ գանձ, ո՛չ էլ իշխանություն, սակայն տառապանքներն ու ցավը, զրկանքներն ու խոշտանգումները, որ կատարել եք Տիրոջ ժողովրդի հանդեպ, չաստվածությունն ու Տիրոջ կամքին հակառակ ընթանալը ձեր դեմ հավիտենապես կփակեն ներումի ու ողորմածության դատարանի դռները, քանզի Դատավորն անկողմնակալ է, իսկ դատավճիռը՝ անբեկանելի։ Ինչ է, չգիտե՞ք, թե Տերն ինչ ասաց. «Մի՛ դատեք, որպեսզի Աստված էլ ձեզ չդատի. մի՛ դատապարտեք, որպեսզի Աստված էլ ձեզ չդատապարտի։ Ներեցե՛ք ուրիշներին, և Աստված էլ ձեզ կների։ Տվե՛ք, և Աստված կտա ձեզ. կտա լավ չափով, բերնեբերան, զեղուն առատությամբ։ Ինչ չափով չափեք ուրիշներին, նույն չափով Աստված ձեզ կչափի» (Ղուկաս. 6)։ Հիրավի, առավելագույնս անչափելի են մեր Անստեղծ Տիրոջ շնորհներն ու պարգևները ճշմարիտ հավատացյալներին և բարեպաշտ բարեգործներին և նույնքան էլ առավել անպատմելի են անհավատներին և նենգավորներին հասցված աղետներն ու պատուհասները։
ՈՒստի կանգ առեք, ուշադրությամբ ու մեծ փափագով ականջ դրեք Տիրոջ խոսքին, մի՛ հեռացեք Սուրբ եկեղեցուց և Սուրբ Հաղորդությունից, մարտնչեք ինքներդ ձեր դեմ Աստծու պատվիրաններով, պայծառացեք հոգևոր սթափությամբ, խեղդեք ձեր մեջ մեղավոր տենչանքներն ու մոլուցքները, խոնարհեցրեք ձեր անձերն ու մաքուր սրտով տրվեք աղոթքներին։ Վերադարձրեք ժողովրդից խլվածը՝ նրա ապրելու իրավունքը, արդարությունը, նյութական կարողությունը, նրա ազատությունն ու հույսը։ Հոգացեք ձեռք բերել պատրաստակամություն և սեր՝ ծառայելու ժողովրդին ի փառս Տիրոջ, քանզի ասվում է. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզվով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են» (Ա. Կորնթ. 13)։ Հետևաբար, սեր դրեք բոլոր գործերի մեջ, սիրեք ժողովրդին և ապաշխարեք, ու միգուցե այս «Զանգակատան» ղողանջները կընդունվեն Տիրոջ կողմից ձեր հոգիների փրկության համար՝ որպես անկեղծ հոգուց բխած աղերսագին մի աղոթք։


Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
«ՀՅԴ-Դրո» գործով մահվան դատապարտված

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ